Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Այն հիմնադրվել է 2004 թվականին: Փառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոարվեստում, ինչպես նաև նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, Ազգային ժողովի նախագահի, մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Այս տարի փառատոնի կազմակերպումն ու անցկացումը վստահվել է երիտասարդական թիմի։ Մեր զրուցակիցն է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի համակարգող տնօրեն ՍԵՐԳԵՅ ՍԱՆՈՅԱՆԸ, ով նշում է, որ փառատոնը տարբերվում է նրանով, որ ստեղծում են տոն երիտասարդների համար։ Երիտասարդներն անում են ծրագիր երիտասարդների համար։
Փառատոնում ներկայացվելու են տարբեր ժանրերի ֆիլմեր՝ վավերագրական, գեղարվեստական, և ֆիլմերի դիտողները հնարավորություն կունենան վայելելու տարբեր տեսանկյուններ, տեսակետներ, մոտեցումներ։
Ցուցադրվելու են գերմանացի, լատվիացի, լիտվացի, ուկրաինացի, ռուսաստանցի, ղազախստանցի հեղինակների ֆիլմեր։
Սերգեյ Սանոյանը նկատում է, որ մեր երիտասարդ կինոգործիչները մրցունակ են արտասահմանյան իրենց գործընկերների շրջանում։ «Փառատոնը ապացուցում է բոլորին, որ մեր երիտասարդ արվեստագետները պատրաստ են մրցակցելու միջազգային ասպարեզներում, հաջողությամբ ներկայացված են բազմաթիվ փառատոներում և արդեն սկսել են ֆիլմեր նկարահանել Հայաստանից դուրս։ Երբ խոսում են կինոարտադրության մասին, չի նշանակում, որ այդ ֆիլմը պետք է ցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում կամ գովազդվի հեռուստատեսությամբ, որ նշանակի՝ երիտասարդները զբաղվում են կինոյով։ Փառատոնը հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր ցանկացողի այցելելու և դիտելու այն ֆիլմերը, որ նկարահանել են թե՛ մեր երիտասարդները, թե՛ արտասահմանցի մասնակիցները»,- ասում է փառատոնի համակարգող տնօրենը։
«Ես եմ»-ում օրական մի քանի ֆիլմ է ցուցադրվելու, և յուրաքանչյուր դիտումից հետո տեղի են ունենալու քննարկումներ ռեժիսորների, սցենարիստների հետ։ Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան հարցեր ուղղելու, իրենց տպավորությունները հայտնելու։ Բացի այդ, փառատոնի ընթացքում կխոսվի երիտասարդների առջև ծառացած խնդիրների մասին։ «Մենք կընդգծենք բոլոր խնդիրները և կունենանք մի փաստաթուղթ, որը կամփոփի միջոցառման ընթացքում անցկացված քննարկումները»,- տեղեկացրեց Սերգեյ Սանոյանը։
Իր գործունեության ընթացքում «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը ձեռք է բերել լայն ճանաչում ու հեղինակություն:
Կինոփառատոնին ներկայացված 118 ֆիլմերից ընտրվել և մրցութային ծրագրերում կցուցադրվի շուրջ 60 ֆիլմ:
«Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնն անցկացվում է «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ:
Կինոփառատոնի ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան (օպերատոր), Նարինե Ջրբաշյան (կինոգետ), Ռուբեն Երզնկյան (ռեժիսոր), Արամ Գյուրջյան (դերասան): Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ